Արձակուրդ գնալով պայմանավորված՝ թերթը զրկվեց մարզական կյանքի մի զգալի հատված հանրությանը ներկայացնելուց, իսկ իրադարձությունների պակաս այս ընթացքում չկար: Երդվյալ մարզասերն այս կամ այն ձևով իր հետաքրքրությունների բավարարումը բնականաբար գտավ այլ լրատվամիջոցներում, թեպետ եղան բաներ, որոնց մասին կուզենայինք թարմ հետքերով ինքներս խոսացած լինել, բայց դե հիմա ի՞նչ կարող ես անել, երբ երկրի գլխավոր օրենքը քո անկապտելի իրավունքներից մեկն էլ տեսնում է արձակուրդ գնալու մեջ ու սաստիկ կզայրանա, անգամ կպատժի, եթե օրինազանց լինես: Ինչևէ, չերկարացնենք, անցնենք գործի:
Ի դեմս հայկական ֆուտբոլի, որքան էլ փարիզյան դրախտի՝ «Եվրո-2016-ի», դռներն անվերադարձ փակ են հայերիս առաջ, այնուամենայնիվ, ներքուստ աղոտ հույսեր կային, որ սերբերի ու դանիացիների հետ խաղերում մեր ֆուտբոլիստները մեզ կուրախացնեն:
Չկարողացան:
Իհարկե, բացառիկ լավատեսներն ասածս «չկարողացան»-ին ամբողջապես համամիտ չեն լինի՝ նկատի ունենալով դանիացիներից մեկ միավոր պոկելը: Բան չունեմ ասելու՝ եթե այդ մեկ միավորը տաք է պահելու, թող առարկեն: Բայց խնդիրն այդ ձեռք գցած միավորը չէ:
Հարցն ավելի քան գլոբալ է:
Խնդիրն այդ մեկ միավորի բերած առյուծի էֆեկտն է, որը Հայաստանի ազգայինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանին համարձակություն է տալիս անգամ բակային ֆուտբոլի համար համեստ կարողությունների իր անձը տեսնելու հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Խի՞ստ ստացվեց: Գուցե: Սակայն այդ նույն մեկ միավորի առնչությամբ, որ հավասարապես բաժին հասավ և մրցակից թիմին, Դանիայի ընտրանու գլխավորը դառնացած հայտարարեց, որ հայերի հետ խաղն իր տղաների վատագույն հանդիպումն էր, և քիչ էր մնում հենց Երևանում էլ հայտարարեր իր ինքնակամ հրաժարիմքի մասին:
Չգիտեմ՝ որքանո՞վ պարզ եղա ասելիքիս մեջ, բայց մի արտահայտության մասին չեմ կարող չհիշատակել: Շատ ավելի հին ժամանակների Գյումրիում, երբ որևէ մեկը զարմանք, տարակուսանք, հիացք պարունակող նման իրավիճակի էր առնչվում, իրեն համակած զգացումները կարճ ու ամփոփ բանաձևում էր «Ի՞նճղ է քեզ համար էս չախլամեն» արտահայտությամբ (զուտ ծանոթության կարգով՝ չախլամեն բոլորիս հայտնի թանն է):
Սակայն եկեք չախլամեն, որը հայերենով, ինչպես վերն ասացի, նույն թանն է, մածնաջուրը, թողնենք մի կողմ, որովհետև տպավորություն կարող է ստեղծվել, թե ես Սարգիս Հովսեփյանին առհասարակ եմ դեմ: Ի սեր Աստծո, գուցե նա շատ հրաշալի մարդ է, ոչ այնքան հեռավոր ապագայում էլ հնարավոր է դառնա հրաշալի մարզիչ, բայց այս փուլում նա հայկական ֆուտբոլին ոչինչ չի կարող տալ:
Լա՜վ, ընդունենք, որ ես ֆուտբոլից կիլոմետրերով հեռու ու այն ընդամենը սիրողական մակարդակով ընկալող մարդ եմ, բայց էն խեղճ Նոբել Առուստամյանն է՞լ ֆուտբոլից բան չի հասկանում, որ սերբերի հետ խաղից հետո խոր հուսահատության մեջ մեր ժամանակավոր պաշտոնակատարի մասին բացասական կարծիք է հայտնում:
Հիշո՞ւմ եք Հայաստանի ու որբի գլխի հետ վաղամեռիկ Վազգեն Սարգսյանի համեմատությունը:
Չի՛ կարելի, չէ՞:
Սա ազգայի՛ն հավաքական է:
Սա ազգի՛ հայտագիրն է:
Ի՞նչ անեմ: Վերցնեմ նույնը մի հատ էլ գերմաներենո՞վ գրեմ, որ ընկալվի:
Իսկ այն, որ էն լույսի պես տղայի շուրթերով համեմատություն է տարածվում, թե 2,5-3 միլիոնանոց ազգը չի կարող ունենալ առաջնակարգ ֆուտբոլ, հիշեցնեմ՝ գրեթե նույնքան բնակչություն ունի և ՈՒրուգվայը, ու այնտեղ ֆուտբոլը ոչ վայ է, ոչ էլ վայ-վայ է: Եթե ներարկվող այդ արատավոր տրամաբանությամբ շարժվենք, աշխարհում ամենալավ ֆուտբոլը պիտի ունենային Չինաստանն ու Հնդկաստանը, որովհետև ոչ թե միլիոն են կամ հարյուր միլիոն, այլ միլիարդը վաղուց ծալած երկիր:
ՈՒ քանի որ մեզ ակամա դրդեցին միլիոններից ու միլիարդներից խոսել, թույլ տվեք դառնալ վճռական մեկին՝ որպես միավորի ու անհատի, ու այդ մեկ-բեկին նկատի ունենալով էլ կրկնել նյութի առաջին մասի ենթագիրը, միայն թե այս անգամ այլ տոնայնությամբ:
Ի՜ՆՃՂ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ ԷՍ ՉԱԽԼԱՄԵՆ
Լաս Վեգասում, գիտեք, ընթացքի մեջ է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշներն արդեն ավարտել են իրենց մրցելույթները: Ճիշտ է, առնվազն Արսեն Ջուլֆալակյանին ու Միհրան Հարությունյանին էլ պիտի տեսնեինք մեդալներով, սակայն այս անգամ այսպես ստացվեց, ու միայն Արթուր Ալեքսանյանը բարձրացավ պատվանդանին: Գյումրեցի հսկան անգերազանց մնաց բոլոր հինգ մրցակիցների հետ պայքարում ու աշխարհի առաջնությունից դարձյալ վերադառնում է չեմպիոնական մեդալով: Ոսկու համար պայքարում Արթուրի հակառակորդը դարձյալ այն իրանցի ըմբիշն էր, ով նրա մրցակիցն էր եղել նաև տաշքենդյան առաջնությունում: Ռեզային, ով Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոնն է, այս անգամ էլ չկարողացավ գերազանցել մեր դյուցազնին ու մոտակա ժամանակներում դժվար թե այդ երջանկությունը որևէ մեկը վայելի: Միայն մնում է ցանկալ, որ Աստծո աջը մեր այս տղայի գլխից անպակաս լինի, վնասվածքներից հեռու պահի:
Սա էլ ձեզ խոստացածս վճռական մեկը, ու բնավ կապ չունի, որ երկրներ կան, որոնց համար մեր բնակչության թիվը մի հյուրանոցային համալիրի բան է: Պարզապես տղան է տղա, ու գլխին կանգնած մարզիչներն են մարզիչ, ու այդ մարզիչներից ոչ մեկը մինչև հիմա չի մեղադրվել դատարկ-դատարկ խոսելու, բան չարած տեղը բան պահանջելու կամ ակնկալելու մեջ: Մարդիկ, իրենք էլ աշխարհի ու օլիմպիական խաղերի չեմպիոն, լուռ իրենց քարն են գլորում: ՈՒ այդ գլորելուց ոչ թե դատարկ «Կամազի» ձեն է գալիս, այլ երկրի հիմն է հնչում:
Բա:
Էսքան բան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ. 1- Ժամանակին մի այսպիսի անեկդոտ կար շրջանառության մեջ: Գերմանացիների հետ խաղում Խորհրդային Միության ֆուտբոլի հավաքականի պարտությունից հետո, մարզասերներից մեկը վրդովված ասում է. «Բա 1945 թվի պատերազմում էդ ո՞նց եղավ, որ հաղթեցինք»: Հետևում է պատասխանը. «Էն ժամանակ մարզիչն ուրիշ էր»:
Հ. Գ. 2- Ինչ կապ ունի վերնագիրը նյութի հե՞տ: Ժողովրդական բառ ու բանից որ հետ չմնաք, ավելորդ հարցեր չեք տա: Չնայած՝ կկվի պարագայում բնի պարագան այնքան էլ կապ չուներ գարշահոտության հետ: